‘
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ այսօր կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կանանց շախմատի աշխարհի չեմպիոն Հու Յիֆանն էր: Պարտիան շատ արագ ավարտ ունեցավ: 20-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Արոնյանը խաղում էր սևերով: Սեպտեմբերի 7-ին 34-ամյա շախմատիստը պատասխան պարտիան կանցկացնի սպիտակ խաղաքարերով, որում հաղթելու դեպքում դուրս կգա 1/16 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին ևս երկու գրոսմայստերներ՝ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր 1/64 եզրափակչից դուրս էին մնացել պայքարից:
Հավելենք, որ մրցաշարը անցկացվում է նոքաութ համակարգով, այսինքն՝ պարտվողը լքում է մրցաշարը: Յուրաքանաչյուր փուլում շախմատիստները անցկացնում են դասական շախմատի երկու պարտիա: Հավասար արդյունքի դեպքում՝ անցկացվում են կարճեցված ժամանակով պարտիաներ: Միայն եզրափակիչ խաղում շախմատիստները դասական շախմատի 4 պարտիա կանցկացնեն:
‘