‘
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում արդեն հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի թայ-բրեյքում մրցում էր Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ-Վաշիե Լագրավի հետ: Նախօրեին կայացած դասական շախմատի երկու պարտիաներում հավասարություն էր արձանագրվել: Գրոմայստերները չկարողացան հաղթողին պարզել նաև արագ և կայծակնային շախմատի պարտիաներում:
Դիմակայության ելքը չվճռվեց նույնիսկ 5+3 համակարգով անցկացված երկու պարտիաներում: Իսկ «արմագեդոն» համակարգով անցած պարտիայում հայ գրոսմայսերտ ֆանտաստիկ հաղթանակ տարավ: Նշենք, որ այդ համակարգով անցնող պարտիաներում 61-րդ քայլից հետո գրանցված ոչ-ոքու դեպքում առավելությունը տրվում է սևերով խաղացող կողմին, սակայն սպիտակներով խաղացող Արոնյանը 78-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակցին:
Այսպիսով, Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի չինացի Դին Լիրենի հետ, ով մեծ անակնալի հեղինակ էր դարձել և կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ուեսլի Սոյին:
Արոնյանն ու Լիրենը նաև իրավունք նվաճեցին մասնակցելու 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:
‘