‘Կառավարությունը հաստատել է 2018-ի բյուջեի նախագիծը. Դեֆիցիտն ու պաշտպանական ծախսերն աճում են’

3648

Կառավարությունը հավանություն է տվել 2018 թվականի պետական բյուջեի նախագծին:
Կառավարության այսօրվա նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին:
Ըստ Արամյանի, բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ (2017-ին` 1,150,1 մլրդ): «Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել է նախարարը: Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը: 

Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել է նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Նախորդ հոդվածը‘Դատարաններում ռենտգեն զննության սարքեր տեղադրելու համար բյուջեից 51 մլն կծախսվի’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. Կատալոնիան ԵՄ-ին խնդրում է միջամտել’