‘ «Բավարիայի» նախկին չեմպիոնը պաշտպանում է իտալացի մարզչին’

1718

«Մեծ մարզիչ է, որին ոչ մի դեպքում չպետք է աշխատանքից ազատեին»,- ասում է Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Անդրեաս Բրեմեն Կառլո Անչելոտտիի հեռացման մասին: Գերմանացի չեմպիոնը պաշտպանում է իտալացի մարզչին և քննադատում բավարական ակումբի ղեկավարությանը:

Ուրեմն «ինչ-որ մեկը նրա դեմ է աշխատել» բացատրությունը չի՞ գործում:

— Նրանք բոլորը մեծ չեմպիոններ են, որոնք միշտ ցանկանում են հաղթել, կատակ բան չէ… Կառլոն ինչ-որ կարևոր մեկին դուրս է թողել թիմից, ճիշտ է, բայց պետք է որ իր պատճառներն ունենա. դաշտ է դուրս գալիս նա, ով լավ մարզավիճակում է: Ռոբենն ու Ռիբերին 33 և 34 տարեկան են, այլևս պատանիներ չեն: Որոշումը կայացրել են Հյոնեսը և Սալիհամիդիչը, բայց ես ամբողջովին Կառլոյի կողմից եմ:

Արդյո՞ք Գվարդիոլային ավելի շատ էին պաշտպանում:

— Գվարդիոլան շատ քիչ էր խոսում թե՛ լրագրողների, թե՛ ֆուտբոլիստների հետ: Եվ ոչ ոք ոչինչ չէր ասում: Մինչդեռ Անչելոտտին ուրիշ է, ավելի պատրաստ է երկխոսության մամուլի և թիմի հետ: Եվ չնայած դրան` բոլորը նրա աշխատանքն աղետ են համարում: Բայց տեսե՞լ եք: Նախկինի համեմատ` շատ բան չի փոխվել: Եվ սա ամրապնդում է նրա դիրքը:

Միգուցե նրա անձնակազմում չափազանց շա՞տ էին իտալացիները և ընտանիքի անդամները:

— Չէր կարող խնդիր լինել: «Բավարիան», ինչպես ողջ Գերմանիան, խելագարվում է իտալացիների համար: (ծիծաղում է-խմբ.)

Բայց ինչոր սխալ արած կլինի

— Ընդհանուր արդյունքը վատ չէր, բայց այս տարիների ընթացքում «Բավարիան» երբեք չի եղել Եվրոպայի ամենաուժեղ թիմը: Առաջնությունում իր խոսքն ասել է: Նրանից Չեմպիոնների լիգան էին պահանջում, բայց ես երբեք չեմ մտածել, որ թիմը կարող է նվաճել այն, անգամ մինչև նրա գալը: Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և մյուսները գերազանցում են նրանց: Այժմ շատ են խոսում «Հոֆենհայմի» Նագելսմանի մասին` որպես հավանական փոխարինող, բայց «Բավարիան» մարզելը լրիվ այլ բան է…

Ինչո՞վ է այսօր զբաղվում Բրեմեն:

— Ես ֆուտբոլային գործակալ եմ: Երկու ընկերներիս հետ եմ աշխատում, և շատ ենք պտտվում Եվրոպայում, նաև Իտալիայում:

Ուշադի՞ր եք Ձեր «Ինտերի» նկատմամբ:

— Շարունակում եմ հետևել նրանց: Ինձ դուր է գալիս այն, ինչ անում են, պետք է փորձեն ինչ-որ բան նվաճել: Սկուդետտոն հնարավոր է, թեև շատ ուժեղ մրցակիցներ կան` առաջին հերթին «Յուվենտուսը» և «Նապոլին», թեև պետք է ուշադիր լինել հռոմեացիների նկատմամբ: «Լացիոն» շատ լավ է խաղում:

Նախորդ հոդվածը‘«Ռոման» հաղթեց «Միլանին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռամոսն արձագանքել է անկախության մասին Պիկեի թվիթին’