‘Twitter-ն արգելափակել է Թրամփի նախկին խորհրդականին՝ լրագրողներին վիրավորելու համար’

2131

Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավում նրա բարձրաստիճան զինակից ու խորհրդական Ռոջեր Սթոունն արգելափակվել է Twitter-ում այն բանից հետո, երբ վիրավորական մեկնաբանություններ է տեղադրել լրագրողների հասցեին: Սթոունին մեղադրել են այդ սոցցանցի կանոնները խախտելու մեջ:

Կայքն արգելափակվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Սթոունը կոպիտ բառեր ու այլատյաց արտահայտություններ է օգտագործել լրագրողների, այդ թվում՝ նաև CNN-ի հաղորդավար, բացահայտ համասեռական Դոն Լեմոնի հասցեին:

Twitter-ը չի տեղեկացնում՝ ժամանակավո՞ր է արգելափակել կայքը Սթոունի համար, թե՞ ընդմիշտ:

1970-ական թթ. Ռոջեր Սթոունը եղել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնականը, իսկ հետո դարձել է քաղաքական խորհրդական: Netflix-ի «Օգնիր ինձ, Ռոջեր Սթոուն» փաստագրական ֆիլմում նա հավաստիացնում է, որ հենց ինքն է այն մարդը, ով Դոնալդ Թրամփին համոզել է առաջադրվել նախագահի պաշտոնում:

Թրամփի նախընտրական քարոզարշավի սկզբնական շրջանում լինելով Թրամփի խորհրդականը՝ նա այդ պաշտոնը լքել էր 2015 թ. օգոստոսին, մինչև վերջ չպարզաբանված հանգամանքներում: Նա ինքը պնդում է, որ սեփական կամքով է հեռացել, մինչդեռ Թրամփը հավաստիացնում է, որ Սթոունը հեռացվել է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան «Ազգ-բանակի արատավորությունը»’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Ինչից ուր ենք հասել’