‘Սկանդալ Մոսկվայի «Արարատ»-ում․ Պավլյուչենկոյին հեռացրել են ակումբից’

1787

Մոսկվայի «Արարատ»-ի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն խոսել է իր և թիմի ղեկավարության միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպի մասին։ Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողն առանց որևէ մեկին զգուշացնելու ժամանակից շուտ հանգստի է գնացել։

«Ինձ զանգահարում են և հարցնում մամուլում հայտնված տեղեկությունների մասին։ «Արարատ»-ը հայտարարել է, որ ես առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու հանգստի եմ գնացել, բայց դա այդպես չէ։ Նախավերջին խաղից հետո խոսել եմ ակումբի նախագահի հետ և խնդրել «Կարո՞ղ եմ բաց թողնել առաջիկա հանդւպումները։ Երեխաս արձակուրդում է, խոստացել եմ ծով տանել նրան»։ Այդ պահին 15 միավորի առավելություն ունեինք 2-րդ տեղի թիմի նկատմամբ։ Նախագահն ասաց, որ եթե մարզիչը դեմ չէ, ապա կարող եմ։ Մարզիչն իր հերթին ասաց, որ եթե ղեկավարությունից ստացել եմ թույլտվություն, ապա կարող եմ ժամանակից շուտ գնալ հանգստի։ Հաջորդ օրը մեկնեցի հանգստի, թիմը հավաքվեց, իսկ ես չկայի, և ոչ ոք չզանգահարեց ու չասաց «Ռոմա, ինչու՞ չես եկել մարզմանը»։

Հինգ օր անց «Արարատ»-ը հայտարարությամբ հանդես եկավ. «Մենք խզում ենք Պավլյուչենկոյի հետ պայմանագիրը, նա այլևս չի խաղա «Արարատ»-ի կազմում»։ Մամուլը սկսեց գրել, որ ես առանց որևէ մեկին զգուշացնելու գնացել եմ հանգստի։ Եթե ինձ ասեին, որ պետք է խաղամ, ապա ընտանիքս կգնար հանգստի, իսկ ես կմնայի թիմի հետ։ Ես այդպիսի մարդ չեմ։ Ամեն ինչ սխալ են ներկայացրել։ Այն ինչ ասում եմ, ճշմարտություն է։

Զանգահարել եմ «Արարատ»-ի նախագահին, բայց նա չի պատասխանել։ Դիմել եմ գլխավոր տնօրենին, նա պատասխանեց «Արամ Աշոտովիչը քեզ չի թույլատրել գնալ հանգստի»։ Ի՞նչ է, ղեկավարությանը դուր չի՞ գալիս իմ ցուցադրած խաղը, որ ցանկանում են այսպիսի տարբերակով հրաժարվել ինձնից։ 11 խաղում 9 գոլ եմ խփել։ Դա երևի վատ ցուցանիշ է, նրանք 2-3 անգամ ավելի շատ են ցանկանում։ Սրանք գլխավոր տնօրենի խոսքերն են։ Ահա, թե որն է իմ ծառայություններից հրաժարվելու իրական պատճառը։ Երբ թիմը 3 միավորի առավելություն ունի, Պավլյուչենկոն պետք է, երբ այն դարձավ 15՝ արդեն պետք չէ»,- ռուս ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատ»-ի նախագահը հայկական արմատներով հայտնի գործարար Արամ Գաբրելյանովն է, իսկ գլխավոր մարզիչը՝ Պողոս Գալստյանը։

Նախորդ հոդվածը‘Զիդանը պատրաստ է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Լա Լիգայի նախագահ. Եթե ինձ չեն ստել, ապա Մեսսին արդեն երկարաձգել է «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը’