‘Լիբանանի վարչապետը կրկին հայտարարել է, որ իրեն ոչ մի վտանգ չի սպառնում’

2054

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը Սաուդյան Արաբիայից հայտարարել էր իր հրաժարականի մասին, կրկին հայտարարել է, որ ինքն անվտանգության մեջ է և կվերադառնա Լիբանան: Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը:

«Դիմում եմ Լիբանանի նախագահ Միշել Աունին: Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, և ինչպես որ խոստացել եմ, կվերադառնամ Լիբանան»,- Հարիրիի խոսքն է մեջբերում Al Arabiya-ն:

Նույն օրն ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալով՝ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ կառավարությունը «բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի, որպեսզի հասնի վարչապետի ազատագրմանը, և այդ նպատակով անհրաժեշտ շփումների մեջ է մտել արաբական և արտասահմանյան պետությունների հետ»: «Այն, ինչ այսօր կատարվում է՝ կապված Սաադ Հարիրիի հրաժարականի հետ՝ մարդու իրավունքների խախտում է: Նա, ըստ էության, պատանդի կարգավիճակում է: Սաուդյան Արաբիայի գործողությունները մենք համարում ենք ագրեսիա Լիբանանի դեմ»,- ասել է Աունը:

Սաադ Հարիրին աշխատանքային այցով  Էր-Ռիյադ է մեկնել նոյեմբերի 3-ին: Հաջորդ օրը նա անակնկալ կերպով հայտարարել է, թե հեռանում է իր պաշտոնից: Վարչապետը տեղեկացրել է, որ իր կյանքին «վտանգ է սպառնում»: Որպես իր հրաժարականի հիմնական պատճառ՝ Հարիրին նշել է «Իրանի և, ի դեմս «Հեզբոլլահ» շիական կուսակցության՝ նրա գործակիցների միջամտությունը Լիբանանի ներքին գործերին», ինչին ինքը «չի կարողացել դիմակայել»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուսանողները դադարեցրել են հացադուլն ու դասադուլը. Անցում կլոր սեղանի ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը’