‘«Զարմանք զարմանք-у рознь»’

4551

Բոլոր նրանք, ովքեր 2015 թվականին չեն պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ, առավելեւս, աջակցել են դրան, այսօր բողոքելու իրավունք չունեն: Խոսքը սովորական քաղաքացիների մասին չէ՝ անշուշտ: Նրանց մեծ մասը հանրաքվեի ժամանակ հստակ «ոչ» է ասել, եւ դա փաստ է: Խոսքը քաղաքական գործիչների մասին է:

Դեռ այն ժամանակ բոլոր նրանք, ովքեր դեմ էին այդ փոփոխություններին, հստակ պնդում էին (հազար անգամ), որ իշխանությունների նպատակն, այսպես կոչված՝ եվրոպական մոդելի կառավարման համակարգի ներդրումը չէ: Իրական նպատակն այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որտեղ իշխանության վերարտադրությունը դառնում է շատ հեշտ: Սակայն ոմանք ասում էին, թե դա կեղծ օրակարգ է, ոմանք կողմ էին, ոմանք՝ թե դա եվրոպական մոդելի ներդրում է, ոմանք էլ, թե՝ «ոչ»-ն անձերի դեմ է պայքարում եւ կամ անձերի համար, եւ հետեւաբար, «ոչ» ասելն անիմաստ է:

Հիմա, ինչպես ասում են՝ տեղ հասանք:

Սահմանադրական փոփոխությունների վարագույրը բացվել է, շղարշը՝ հանվել, եւ սկսվել է բուն գործընթացը՝ իշխանության վերարտադրության գործընթացը, որի մասին զգուշացվել էր երկու տարի առաջ: Բայց դե՝ ասողին լսող է պետք, չէ՞: Ու հիմա ամեն օր հայտնվում են, այսպես կոչված՝ քաղաքական գործիչներ, ովքեր բողոքում են, թե բա՝ «հլա նայեք», էս իշխանությունները օրենք օրենքի հետեւից են բերում, որոնցով սուպերվարչապետի իշխանության հիմքեր են դնում, ըստ այդմ՝ երկիրը լինելու է իբր խորհրդարանական, այնինչ, իրականում, լինելու է վարչապետի իշխանության ներքո, ավելի շատ, քան այսօր նախագահական է:

Հա՛ բա: Նորությո՞ւն է: Բա ինչի՞ մասին էին տարիներ շարունակ կոկորդ ճղում ընդդիմադիրները, ինչի՞ մասին էին զգուշացնում: Հենց սրա մասին: Բայց լսողն ո՞վ էր ձեզանից: Ու հիմա, այսպես անակնկալի գալով՝ ի՞նչ եք անում: Լավագույն դեպքում ապացուցում եք, որ ապաշնորհ քաղաքական գործիչներ եք, որովհետեւ եթե մարդը բանական է, կրթված, ու դեռ մի բան էլ՝ քաղաքականությամբ է զբաղվում, սակայն նրան կարելի է «լուրջ ենք ասում՝ վերարտադրության համար չենք Սահմանադրությունը փոխում» ասելով խաբել, ապա նա առնվազն կամ մտավոր տկար է, կամ՝ մանկամիտ: Ամեն դեպքում՝ քաղաքականությունում անելիք չունի:

Ու եթե այդպես է, ապա բոլոր զարմացածները, որ ժամանակին ձայն չեն հանել, պետք է առնվազն ներողություն խնդրեն հանրությունից, ասեն, որ ժամանակին քաղաքականապես այնքան հասուն չեն եղել, որ իրողությունները հասկանան, ու որ արդեն բանը բանից անցնելուց հետո են ամեն ինչ հասկացել: Այս դեպքում հանրությունը գուցե եւ լուրջ ընդունի նրանց հանկարծակի զարմանքը մի բանի առիթով, որ քաղաքացիները դեռ երկու տարի առաջ էին հասկացել:

Դե, իսկ եթե չեն խոստովանում, որ քաղաքականապես հասուն չեն եղել իրողությունները հասկանալու համար, ապա մնում է մեկ այլ բան. խոստովանեն, որ ամեն ինչ էլ լավ հասկացել են, բայց չեն պայքարել փոփոխությունների դեմ, որպեսզի իշխանությունների ձեռամբ հայտնվեն խորհրդարանում, որովհետեւ դրանից ավելի բարձր մակարդակի ձգտելու ո՛չ ունակություն ունեն, ո՛չ էլ՝ ռեսուրս: Հակառակ պարագայում պետք է հայտնվեին մոռացության գրկում: Կամ՝ քաղաքական աղբանոցում: Այսինքն, հնարավոր ամեն տեղում, բայց ոչ խորհրդարանում:

Այնպես որ, զարմանք էլ կա, զարմանք էլ: Ձեր ուշացած զարմանքով ոչ մեկին չես զարմացնի:

Իշխան Պողոսյան

Նախորդ հոդվածը‘Ու էլի տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’