‘Արսեն Գրիգորյան. Նարուշիլովկա’

8161

Այս օրերին Հայաստանում այնպիսի եւ այնքան հանցագործություններ են բացահայտվում, որ նույնիսկ չես հասկանում՝ 29 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքն ի՞նչ դիմադրողականությամբ չի ինքնաոչնչացել:

Ժանրի բոլոր կանոններով այս պետությունն արդեն պիտի անապատ լիներ, որը նույնիսկ իր աշխարհագրական դիրքով պիտի չհետաքրքրեր Թուրքիային ու Ադրբեջանին: Մետաֆիզիկան ու նախախնամությունն էլ դա չեն կարողանալու բացատրել: Եվ այս ամենն ընդամենը մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակահատվածում:

Առաջին փոխվարչապետի մտերիմներից մեկը Ֆեյսբուքում գրում է, որ այս ընթացքում պետբյուջե 1,4 միլիարդ դոլար վերադարձնելու ռեալ հնարավորություն կա, մեր արտաքին պարտքի 30 տոկոսը: Ժանրի կաննոներով, մենք շուտով պետք է լինենք երկիր-հեքիաթ: Բայց Հայաստանն այսօր ապրում է շոկային ժամանակներ: Այսինքն, այն հանցանքները եւ հանցագործները, որոնց մասին տեղեկանում ենք այս օրերին, իսկական սթրեսի աղբյուր են: Հազարավոր կյանքեր են տապալվել այդ ամենի տակ: Հազարավոր մարդիկ են հիմա փորձում հասկանալ, թե ինչու իրենց ղեկն աջ չէր գնում վերջին 20 տարում: 100-ից ավելի է արդեն գյուղապետերի թիվը, որոնք թաթախված են համայնքային միջոցների վատնման մեջ: Հասկանու՞մ եք՝ պետություն չի եղել, այլ՝ նարուշիլովկա:

Դե հիմա փորձեք հասկանալ: Հայաստանը ղեկավարել են մարդիկ, որոնք պետության ընկալումը թողել են քաղբանտարկյալներին եւ նրանց, որոնք չեն հաշտվում երբեւէ կարգին պետականություն չունեցած պետության մեջ այդ աստիճանի անպատժելիությանը: Այդ ղեկավարների ինչի՞ն էր պետք լեգիտիմությունը, եթե նրանք պարզապես չէին կարող իմանալ, թե ինչ է դա: Այս ընթացքում սակայն մենք պահածոյացրել ենք մեր բարոյականությունը: Մենք ներքաշվել ենք բազմաթիվ ապօրինությունների մեջ, թույլ ենք տվել, որ արատավորեն մեր պատիվը, նվաստացնեն մեզ Էջմիածնում, Սյունիքում, մեր գլխին բդեշխներ ենք նշանակել եւ մուրացել մեր փայ ողորմածությունը, գրեթե կորցրել ենք պետության ընկալումը, բայց հիմա մեզանից ոչ մեկը հաշվեհարդարի ծարավ չունի: Որովհետեւ ժողովրդի բնազդը ինքն իր հետ գործարքի չգնաց: Թեպետ տասնյակ հազարներ են անիրավվածները եւ ուրիշների անիրավության մեջ ներքաշվածները, այսօր ոչ մեկը Մանվել Գրիգորյանի կոկորդը կրծելու ցանկություն չունի: Եվ այս ամբողջը գրեթե զրոյական հեղինակությամ եկեղեցու պայմաններում: Ինչ-որ փիլիսոփաներ, հոգեբաններ ոը սոցիոլոգներ պիտի կարողանան բացատրել այս երեւույթը:

Իրական բացատրությունը սակայն կարելի է գտնել եվրոպաներ արտագաղթած մեր համաքաղաքացիների պահվածքում: Այո, հարյուրավոր հայաստանցիներ կան ամերիկյան եւ եվրոպական բանտերում, որոնք հեշտ կյանք են փնտրել Հայաստանից դուրս: Սակայն արտագաղթածների 90 տոկոսն օրինավոր քաղաքացիներ են: Մեր համաքաղաքացիները երբեք չեն կորցրել օրինավոր կյանքի ծարավը: Ահա ինչու հեղափոխությունն անարյուն ընթացավ: Ոչ մեկն էլ մտադիր չէր թաղել Էդուարդ Շարմազանովին, որի տան դիմաց երկու փողոցների լայնքով փակցրել էին «Շաևմազանով-42» պաստառը:

Նախկին իշխանությունները պետք է պատասխան տան նաեւ դրա համար՝ նրանք քաղաքացուց կերտում էին պետության թշնամի: Նրանք քաղաքացու միջից հանում էին ընտանիքի ներկայացուցիչ լինելու ցուցքը: Նրանք բաց տեքստով փորձում էին արժեզրկել սեպտեմբերի 21-ը, որի հեղինակը չէին: Եվ երբ մարտի 1-ին սպանում էին 10 հոգու, միայն մեկ պատգամ էին փոխանցում՝ մենք տարբեր խաղադրույքներ ենք դրել, եւ մեր դրած խաղադրույքի մեջ ձեր բարոյականությունը չկա: Ահա ինչու այս ամենը չէր կարող չավարտվել հեղափոխությամբ: Որն էլ հենց գինն էր այն բանի, որ մի կաթիլ արյուն չթափվի:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Առաքյալ» Շարմազանովը՝ հայտնի ֆիլմի Մուրադի դերում’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2018. Բրազիլիայի հավաքականը խաղավարտին խփած գոլերի շնորհիվ հաղթեց Կոստա Ռիկային (տեսանյութ)’