‘Տեղեկատվական պատերազմներ. Զգոն եղեք, ստուգեք ցանկացած տեղեկություն’

3444

Այն, որ նախկին իշխանությունները տեղի չեն տվել եւ դեռեւս ռեւանշի հույս ունեն, հայտնի փաստ է: Նրանք դեռ Աժ-ում են: Եւ այդ նպատակի համար նրանք, բնականաբար, գործածում են բոլոր «զենքերը», որոնք կիրառել են իշխանության եղած ժամանակ, այդ թվում՝ նաեւ տեղեկատվական դաշտում:

Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքից եւ նրա կալանավորումից հետո հայտնի դարձավ, որ վերջինս ակտիվորեն զբաղված է տեղեկատվական ռեսուրսներ ձեռք բերելով, այդ մասին վերջին հանրահավաքի ժամանակ ակնարկեց նաեւ վարչապետ Փաշինյանը: Մինչեւ վերջերս տեղեկատվական դաշտում մոնոպոլիան պատկանում էր Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, եւ ահա, Քոչարյանի ակտիվացումից հետո, ընդհանուր շահերով նորից փոխկապակցված երկու այդ թիմերը միավորեցին իրենց ջանքերն ու ռեսուրսները տեղեկատվական պատերազմներ վարելու հարցում:

Նույնիսկ ցանկ հրապարակվեց, թե որ լրատվամիջոցների տերերն են փոխվել վերջին շրջանում:

Ու ահա այս տեղեկատվական պատերազմի փուլում սոցցանցերում ի հայտ է գալիս եւս մեկ, այսպես կոչված՝ ցանկ, որտեղ, ի թիվս նախկին ցանկում ընդգրկված ԶԼՄ-ների, նոր ԶԼՄ-ների՝ Քոչարյանի հետ առնչություն չունեցող (այդ թվում մեր կայքի) անուններ կան: Եւ բնականաբար, մեդիագրագիտության հարցում առանձնապես  չփայլող շատ մարդիկ, առանց խորանալու, սկսեցին պաշտպանել, իրենց կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին՝ ցանկում ընդգրկված բոլորին անվանելով ծախվածներ:

Բայց ո՞րն է խնդիրը:   

Իսկ խնդիրն այն է, որ այս պարագայում արդեն նախկին իշխանությունների համար տեղեկատվական պատերազմներ վարողների կողմից տեղի է ուենցել պարզ տեղեկատվական մանիպուլյացիա: Որի նպատակն է՝ մի կողմից՝ սեւացնել Քոչարյանի հետ կապ չունեցող ԶԼՄ-ներին, որպեսզի մարդիկ սկսեն կասկածով վերաբերվել նրանց հաղորդած տեղեկատվությանն ու վերլուծություններին, մյուս կողմից էլ՝ մաքրել այն ԶԼՄ-ներին, որոնք այսօր իսկապես առնչություն ունեն Քոչարյանի հետ:

Հիմա տեսնենք, թե ինչպես է դա արվել:

Սկզբում ֆեյսբուք սոցցանցում բացվում է կեղծ հաշիվ: Ու բնականաբար, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝  էջը նրա նկարով է եւ ներկայանում է որպես Փաշինյանի աջակից-համախոհ: Մարդկանց մոտ միանգամից էջի հանդեպ լոյալություն է ստեղծվում, եւ մարդիկ կարծես չեն նկատում, որ այդ էջով տարածվում են, ասենք, Քոչարյանին առնչվող կայքերի նյութեր, Քոչարյանի խոսնակի ասուլիսները եւ այլն:

Ունենալով մարդկանց վստահությունը՝ էջի անունից տարածվում է Քոչարյանի հետ առնչություն ունեցող ԶԼՄ-ների նոր՝ կեղծ ցանկ, կամ, այսպես ասած՝ թարմացված ցանկ՝«անխնա տարածել» կոչնակով: Եւ այդ ցանկում ընդգրկվում են նաեւ այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք, ինչպես նշեցինք, ոչ միայն որեւէ առնչություն չունեն Քոչարյանի հետ, այլեւ՝ վերջինիս ակտիվ քննադատներն են: Փոխարենն, օրինակ՝ ցանկում չկան Քոչարյանի քարոզչությամբ զբաղվող կայքեր, անգամ այն կայքերը, որոնց պրոքոչարյանական նյութերը տարածվել են նույն կեղծ հաշվի կողմից:

Մարդկանց առաջին ռեակցիան, բնականաբար, այն է լինում, որ առանց խորանալու՝ ցանկի բոլոր ԶԼՄ-ներին ընկալում են որպես «ծախվածներ»: Սա այդ հրապարակման առաջին նպատակն է:

Երկրորդ հեռահար նպատակը մարդկանց մոտ շփոթ ստեղծելն է եւ Քոչարյանի կողմից ԶԼՄ-ներ ձեռք բերելու տեղեկության հանդեպ կասկած հարուցելը: Եւ թերեւս հենց այդ նպատակով էլ, մեր կեղծ օգտատերը ցանկում ընդգրկել է նաեւ այն թերթի  կայքի հասցեն, որտեղ երկար տարիներ որպես գլխավոր խմբագիր աշխատել է ինքը՝ Փաշինյանը, որը պատկանել է նրան, իսկ այժմ պատկանում է նրա կնոջը, ու հենց Փաշինյանի կինն էլ այդ թերթի խմբագիրն է:

Եւ ահա, կանցնի ժամանակ, ըստ այդմ՝ մարդիկ կիմանան, որ, օրինակ, ցանկնում կային Քոչարյանի հետ առնչություն չունեցող ԶԼՄ-ներ, սույն ինֆորմացիայի հանդեպ կլցվեն կասկածով ու տրամաբանորեն արդեն կասկածով կլցվեն նաեւ այն ինֆորմացիայի հանդեպ, թե Քոչարյանն ընդհանրապես ԶԼՄ-ներ է ձեռք բերել եւ կամ որ այդ ցանկում ընդգրկվածներից եւ ոչ մեկը ձեռք չի բերել: Դե իսկ եթե ցանկից ոչ մի կայք իրենը չէ, ապա պիտի որ վստահությամբ ներշնչվեն նրանց բոլորի հանդեպ:

Այսինքն, փորձ է արվել մեր՝ «չվաճառված» մի քանի ԶԼՄ-ների հանրային վստահության ռեսուրսով մաքրել այլ՝ «վաճառված» ԶԼՄ-ների անունները: Ընդամենը սա:

Ահա այսպիսի պարզագույն մեխանիզմով է կոնկրետ այս դեպքում դրսեւորվել պրոքոչարյանական ուժերի տեղեկատվական պատերազմը: Բայց սա դրա դրսեւորումներից մեկն է միայն: Իսկ դրանք շատ են ու տարբեր:

Այնպես որ, սիրելի ընթերցողներին խորհուրդ ենք տալիս զգոն լինել, սոցցանցում հանդիպող ամեն ինֆորմացիայի միանգամից չհավատալ, նախ ստուգել դրա իսկությունն ու ծագումնաբանությունը, հիշել, որ եթե որեւէ էջ Փաշինյանի նկարով է, դա դեռ չի նշանակում, որ այն վարում է նրա համախոհը: Հիշել, որ ռեւանշի ձգողները վերջին ճակատամարտն են տանում, կորցնելու այլեւս ոչինչ չունեն՝ թերեւս միայն ազատությունն ու թալանվածը, եւ հետեւաբար, ոչնչի առաջ կանգ չեն առնելու տեղեկատվական ստեր տարածելու հարցում:

Ամեն անգամ որեւէ տեղեկության հանդիպելիս՝ անմիջապես հարցրեք ինքներդ ձեզ՝ իսկ ո՞վ է այդ տեղեկությունը տարածողը, փորձեք հասկանալ, թե մինչ այդ ինչ տեղեկություններով է կիսվել, արդյո՞ք այլ՝ ավելի վստահելի աղբյուրներ հաստատում են այդ տեղեկությունը, եթե՝ ոչ, ուրեմն կարող եք հանգիստ փակել այդ տեղեկատվությունն ու անցնել առաջ:

iLur.am

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփը մեղավոր չէ’
Հաջորդ հոդվածը‘Անրին համաձայնել է գլխավորել «Բորդոն»’