‘Ռոջեր Ֆեդերերի 100-րդ տիտղոսը’

850

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց 100-րդ տիտղոսը կարիերայում: ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships մրցաշարի եզրափակիչում 37-ամյա մարզիկը երկու սեթում պարտության մատնեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ 6:4, 6:4: Պայքարը տեւեց 1 ժամ 9 րոպե:

Ֆեդերերը 8-րդ անգամ նվաճեց Դուբայի մրցաշարի հաղթողի կոչումը: Հաղթանակի առիթով  անվանի թենիսիստն ասել է.

«Սա երկար և հիանալի ճանապարհ էր: Սիրել եմ այդ ճանապարհի յուրաքանչյուր պահը:

Բարդ էր, բայց այս զգացողությունների համար արժեր անցնել նման դժվարությունների միջով: Տեսնենք՝ էլ ինչերի եմ ընդունակ ես: 100-րդ տիտղոսն ինձ համար բացարձակ երազանք էր, որը դարձավ իրականություն: Շատ ուրախ եմ, որ դեռ առողջ եմ, ունեմ հիանալի թիմ, ընտանիք, որն աջակցում է ինձ: Ես երբեք չեմ կարողանա ինչպես հարկն է շնորհակալ լինել նրանց:

Կկարողանա՞մ 109 տիտղոս նվաճել և գերազանցել Ջիմի Կոնորսի ցուցանիշը… Հիանալի կլինի, եթե նման բարձունքի հասնեմ, բայց ես չեմ խաղում զուտ ռեկորդներ սահմանալու համար: Ջիմին անհավանական արդյունքի է հասել, որի համար հպարտ է, իսկ ես հպարտ եմ իմ արածների համար:

Խորհրդանշական էր, որ 100-րդ տիտղոսս նվաճեցի Ստեֆանոսի դեմ խաղում: Ես մրցում էի երիտասարդ թենիսիստի հետ և տեսնում էի ապագան: Սա էլ իմ ճանապարհի մի մասն է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Նեթանյահուի կողմնակիցներն ու հակառակորդները դուրս են եկել փողոց’
Հաջորդ հոդվածը‘Պերեսը նոր գլխավոր մարզիչ է փնտրում’