‘
Ամերիկյան Ալաբամա նահանգի արևելքում կիրակի օրը հզոր տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հաղորդել են տեղի իշխանությունները: Զոհերի թվում կան երեխաներ:
Շրջանի ոստիկանապետի խոսքով՝ տարերքի զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարական աշխատանքները դադարեցվել են մինչև երկուշաբթի օրվա լուսաբացը:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատականներով՝ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 266 կմ-ի:
Արևելյան Ալաբամայի բուժկենտրոնը հաղորդել է, որ ընդունել է 40 մարդու, որոնք տուժել են եղանակի կտրուկ փոփոխության պատճառով:
Փոթորկից հետո օդերևութաբանները կանխատեսում են կտրուկ ցրտացում և սառնամանիքներ:
Փոխանցում է BBC-ն:
‘