‘Մտրակելուց առաջ փորձեք հասկանալ’

3740

Ֆեյսբուքահայությունը փոթորկվել է, աշխարհազոր է կազմել եւ անցել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի դեմ սրբազան պատերազմի:

Առաջին շարքերում, իհարկե, արցախցիներն են, որ բառ չեն խնայում՝ տրորելու, ջնջելու, վերացնելու այդ անունը: Ի՞նչ է պատահել: Հախվերդյանը համարձակվել է ասել, որ Հայաստանի վերջին քսան տարվա իշխանությունը ադրբեջանական միջավայրի ծնունդ էր, քաղաքակրթական ընդհանրություն չուներ հայ էթնիկ-մշակութային ինքնության հետ: Գուցե ձեւակերպումները մի քիչ կոպիտ էին, բայց ասածի իմաստը դա էր: Ընդ որում, նա արցախահայության հասցեին վիրավորական ոչինչ չի ասել: Նրա թիրախը վերջին երկու տասնամյակում Երեւան տեղափոխվածները, արմատավորվածները, հղփացածները եւ Հայաստանի մայրաքաղաքի կոլորիտն իրոք ապականածներն են: Եւ նրանք, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի հետ իրենք էլ նստած են:

 Միջին-վիճակագրական արցախցին համարում է, որ Քոչարյանի հետ կալանքի է ենթարկվել նաեւ ի՞նքը: Իհարկե՝ ոչ: Արցախի հասարակության գերակշիռ մեծամասնության համար Քոչարյանի կալանավորումը ողբերգություն չէ: Եւ Ռուբեն Հախվերդյանին մահակելուց առաջ կարելի էր փորձել հասկանալ նրան, պատկերացնել, թե ինչ աստիճանի է մարդու, մտավորականի խորշանքը վերջին քսան տարվա իշխող մթնոլորտից, որ իրեն թույլ է տալիս անցնել ոչ նորմատիվ բառապաշարի:

Պիտակներ կպցնելու իմաստ չկա: Հախվերդյանին հասկանալու համար պետք է մարդ իրեն նրա տեղը դնի, շարքային երեւանցու տեղ: Պետք է հիշի ոչ այնքան հեռավոր անցյալի Երեւանը՝ մաքուր, տաք, սիրելի, մշակութային, եւ համեմատի վերջին քսան տարիներին հիմնովին այլանդակված Երեւանի հետ: Պետք է մտնի շարքային երեւանցու կերպարի մեջ: Այդժամ նողկալի այնքան բան կտեսնի, որ Հախվերդյանից ավելի կոպիտ արտահայտություններ թույլ կտա հայոց ոստանիկ քաղաքը պղծածների հասցեին: Ինպիսի՞ն էր լինելու բնիկ երեւանցու վերաբերմունքն առ մի ղարաբաղցի նախկին վարորդի, որ քսան տարում ոչ մի լեգալ ձեռնարկատիրական գործունեություն չունենալով՝ դարձել է դոլարային մուլտի-միլիոնատեր: Եւ ոչ միայն հարստացել, այլեւ հղփացել է, սկսել «ճաշակ» պարտադրել, իսկ «ճաշակն» էությամբ նույնիսկ Բաքվի չէ, Աղդամի է:

Ահա դա է ասել Ռուբեն Հախվերդյանը: Եւ՝ վերջին շտրիխը. ով Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատությու», գիրքը կարդացել է, նկատած կլինի, թե ինչ հարգալի ակնածանքով է խոսում Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի, եւ որպիսի վերամբարձ քամահրանքով՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին:

Ասում են՝ ոճը մարդն ինքն է: Այդ ոճի, քաղաքակրթական այդ տեսակի, խեղված այդ ինքնության քննադատն է Ռուբեն Հախվերդյանը: Անարդարացի են նրան մահակողները: Պետք է հասկանալ, կիսել հայ մտավորականի նրա ցավը: Դեպի ազգային միասնություն տանող ճանապարհը դա է:

Վահե Արզանյան

Նախորդ հոդվածը‘Ալաբամայում փոթորկի հետևանքով կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսների կուսակցությունը» Էստոնիայում կորցնում է իշխանությունը’