‘Արսեն Գրիգորյան. Ռոբերտ Քոչարյանը գրքի մարդ չէ’

5490

Ռոբերտ Քոչարյանը կալանավայրում գիրք է կարդում։ Մարդը դեռ մտադիր է առաջնորդ լինել։ Ինքը չի կարդում, որպեսզի լինի գրքի հետ, կարդում է, որպեսզի լինի առաջնորդ։

Լրատվամիջոցները մեծ կարեւորություն են տալիս գրքի հետ այս մարդու հարաբերություններին։ Որովհետեւ երբեք աչքի չի ընկել գրքի հանդեպ սիրով։ Վատ չէ։ Թող կարդա։ Գիրքը հաճախ որդեգրում է այն հույսերը, որոնք մերժում է կյանքը։ Ի՞նչ է փնտրում այս մարդը գրքերում։ Ոչ մի կասկած՝ նա փնտրում է վերադարձի ուղիներ։ Որովհետեւ գրագետ լինելու համար չէ, որ կարդում է, ինքը երբեք գրագիտության վրա խաղադրույք չի արել։ Դա երեւում է այն վերաբերմունքից, որ նա ունի նոր Հայաստանի հանդեպ։ Նա չսիրեց նոր Հայաստանը։ Եվ այն աղմուկը, որ այս օրերին կա նրա ընթերցասիրության հանդեպ, գուցե հասկանալի է, բայց գրքի համար դա առանձնապես ողջունելի չէ, ազատության մեջ՝ առյուծների որս, կալանավայրում՝ գիրք։

Բայց արտառոց բան չէ, ընկերներ, կարդալը, այդքան մի ոգեւորվեք։ Մարդն ընդամենը գրքերում փնտրում է իշխանությունը վերադարձնելու ուղիները։ Ինքը գրքերին վերաբերվում է այնպես, ինչպես մարզասրահին, ընդամենը մարզվում է իշխանության ծարավի հետ կապը չկորցնելու համար։ Ռոբերտ Քոչարյանը գրքի մարդ չէ։

Ֆրենսիս Ֆուկույամա կարդալն, իհարկե, կատակ բան չէ, նույնիսկ կարելի է ողջունել։ Բայց արդյո՞ք քաղաքական վերադարձի անհուսալիության համար իդեալական ցատկահարթակ է Ֆուկույաման։ Ռոբերտ Քոչարյանը պետք է փոխի ցատկահարթակը։ Նախ անգիր անել քրեական օրենսգիրքը։ Հետո սովորել չխաբել։ Ֆուկույաման չխաբելու մասին ոչինչ չի ասում։ Խոստովանության ինստիտուտին մերձ լինելու համար չէր խանգարի կարդալ Գրիգոր Նարեկացի։ Ինտելեկտուալ ձեռքբերումները հաստատ ավելին կլինեն։

Ամբողջ կյանքում այս մարդը որեւէ մեկի խորհրդի կարիքը չունեցավ։ Կամ այդ խորհուրդները, եթե եղել են, մեզ վրա արժեցել են մարտի 1-ի նման մի բան։ Պետությունը, ենթադրաբար, նրան կտա այնքան ժամանակ, որպեսզի ինքը ի վերջո թողնի առաջնորդության մասին մտքերը, որովհետեւ բանտում նա ու՞մ պիտի առաջնորդի։ Բանտում մարդիկ ավելի շատ մտածում են համակեցության կանոնների եւ ավելի սարսափելի մեղքերի մեջ չմտնելու մասին։ Կարճ ասած, Ռոբերտ Քոչարյանը պետք է ճիշտ օգտվի իրավիճակից։ Հայկ Ալումյանը եւ Ռուբեն Սահակյանը պետք է կարողանան կռիվ տալ ոչ թե, այսպես կոչված, «արդարության» համար, այլ Ռոբերտ Քոչարյանին սովորեցնեն հրաժարվել պատրանքներից։ Դա էլ փոքր ծառայություն չի լինի այդ մարդուն եւ այն Հայաստանին, որը չի մերժում նույնիսկ կործանվածներին։ Թող կարողանա օգտագործել բանտը, թող կարողանա մտածել մի ազատության մասին, որտեղ ինքը վերջապես առաջինը կբղավի իշխանությունը արյունով պահելու անթույլատրելիության մասին։ Էդ մարդը բանտը պետք է կարողանա դարձնել առաքելական։

 

Նախորդ հոդվածը‘Լիբիացի ֆելդմարշալը բանակին հրամայել է հարձակվել մայրաքաղաքի վրա’
Հաջորդ հոդվածը‘ Հայաստանի ազգային պատկերասրահից 120մլն դրամի մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել’