Խերսոնի մարզում սպանվել է Ուկրաինայի գերագույն ռադայի՝ Ռուսաստանի կողմն անցած նախկին պատգամավոր Ալեքսեյ Կովալյովը։ Նա Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմում միակ ուկրաինացին էր և կարող էր ղեկավարել հացահատիկի արտահանումը շրջանից։
«Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքի պատճառով մահացել է Խերսոնյան մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի՝ գյուղատնտեսության հարցերով փոխնախագահ Ալեքսեյ Կովալյովը։ Հարձակումը կատարվել է նրա բնակարանի մոտ օգոստոսի 28-ին։ Հարձակման զոհ է դարձել նաև Կովալյովի հետ համատեղ ապրող կինը»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Baza -ի տվյալներով՝ Կովալյովը հրազենային վերք է ստացել գլխին, իսկ նրա ընկերուհու պարանոցին դանակի հարված է հասցվել։
Խերսոնի մարզում պարբերաբար մահափորձեր են կատարվում օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցող պաշտոնյաների դեմ։ Ուկրաինայում դա կապում են պարտիզանների գործունեության հետ։
Փոխանցում է BBC-ն։