‘ALDE-ում Կոնգրեսի ակտիվությունը կնպաստի Հայաստանում ազատականության տարածմանը (տեսանյութ) ‘

1372

Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը նախօրեին վերադարձել է Լիսաբոնից, որտեղ նոյեմբերի 21-23-ը կայացել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի (ALDE) հերթական՝ 35-րդ համաժողովը: Ավելի քան 600 պատվիրակներ Եվրոպայի բոլոր երկրները ներկայացնող 57 կուսակցություններից, այդ թվում՝ 8 պատվիրակներ Հայաստանից մասնակցել են համաժողովին: Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ համաժողովն անցել է բավական ծանրաբեռնված եւ արդյունավետ օրակարգով:

Պարոն Մանուկյանի խոսքով,  համաժողովը Եվրոպայի անվտանգությանը, տնտեսությանը եւ բնապահպանական խնդիրներին վերաբերող մի շարք բանաձեւեր ընդունեց, որոնց թվում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար դրության եւ Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը աջակցող բանաձեւեր: ՄԱսնավորապես, Ադրբեջանին վերաբերող բանաձեւում կոչ է արվում Եվրոպական կառույցներում խստորեն քննարկել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը: Ըստ Մանուկյանի, ընդունված բանաձեւերը հետագայում լիբերալների համար որպես ուղեցույց կծառայեն ինչպես համաեվրոպական հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը եւ ԵԽԽՎ-ն, այնպես էլ լիբերալ քաղաքական գործիչները դրանք կկիրառեն իրենց երկրներում՝ ըստ իրենց քաղաքական կշռի եւ որոշումների ընդունման վրա ազդեցության: Մեր զրուցակիցը նշեց, որ լիբերալ կուսակցությունները ներկայումս գլխավորում են կառավարությունները Եվրոպայի մի շարք երկրներում, ընդ որում, ըստ Մանուկյանի, լիբերալ գաղափարները գնալով ավելի ընկալելի են դառնում Արեւելյան Եվրոպայում:

Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ի եւ ԱԼԴԵ-ի ղեկավար կազմի միջեւ ձեւավորվել է լիակատար փոխվստահության մթնոլորտ, այդ իսկ պատճառով Կոնգրեսի ներկայացրած բոլոր նխաձեռնությունները հավանության են արժանացել համաժողովին: Մասնավորապես, համաժողովը հաստատել է լիբերալ գաղափարները տարածելու նպատակով մոտակա ամիսներին Հայաստանի մարզերի երիտասարդների հետ սեմինարների անցկացման ծրագիրը, ինչպես նաեւ՝ հայերեն Վիքիպեդիայում ազատական տեսաբանների հոդվածների, ինչպես նաեւ՝ ընդանրապես լիբերալ-դեմոկրատական շարժման վերաբերյալ հոդվածների ներկայացման ծրագիրը:

«Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մակարդակի վրա է մեր համագործակցությունը, ասեմ, որ Համաժողովին 57 կուսակցությունների կողմից ներկայացված եւ ընդունված 19 առաջարկություններից 2-ը Կոնգրեսի նախագծերն էին», — ասաց պատգամավորը:  

Արամ Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ համաժողովի ընթացքում Կոնգրեսի պատվիրակները Դաշինքի ղեկավար կազմի հավանությամբ նախատեսել էին բանաձեւ շրջանառել Արցախում խոցված ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները հանձնելու կապակցությամբ, բայց, քանի որ համաժողովի ընթացքում տեղեկատվություն ստացվեց ԼՂ ՊԲ հատուկ գործողության մասին, բանաձեւը քննարկման չդրվեց:
Կոնգրեսի պատվիրակները մասնակցել են նաեւ Դաշինքի ղեկավար երեք անդամների ընտրություններին եւ քվեարկել են առաջատար թեկնածուների օգտին: 

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է Իրանի քաղաքացի’
Հաջորդ հոդվածը‘Կտրուկ նվազել են Ռուսաստանից եկող տրանսֆերտները’