Grand Chess Tour. Արոնյանը բարելավեց մրցաշարային վիճակը

369

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Grand Chess Tour-ի 4-րդ փուլի մրցաշարը: Արագ շախմատի մրցաշարից հետո շախմատիստներն իրենց հարաբերությունները պարզեցին կայծակնային շախմատում (բլիցում)՝ անցկացնելով առաջին շրջանի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը մրցակիցների հետ անցկացրած 9 պարտիաներում վաստակեց 5,5 միավոր: Նա հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ջեֆերի Սյոնգին, Սեմ Շենկլենդին ու Լերնիեր Դոմինգեսին, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն: Միակ ոչ-ոքին գրանցվեց մրցաշարի առաջատար, Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջայի հետ մրցախաղում:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 3 պարտություն կրեց՝ զիջելով ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային ու Ֆաբիանո Կարուանային և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Արագ և կայծակնային շախմատում վաստակած 13,5 միավորով Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նա արագ շախմատի մրցաշարն ավարտել էր 8-րդ տեղում: Այնպես որ, Լևոնը որոշ չափով բարելավեց մրցաշարային վիճակը:
18 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը 15 միավորով ընթանում է 2-րդ տեղում:

Օգոստոսի 30-ին կայծակնային շախմատի 2-րդ շրջանի հանդիպումներով կավարտվի Grand Chess Tour-ի 4-րդ փուլը: Հիշեցնենք, որ հաղթողը կպարգևատրվի 40 հազար դոլարով:

Նախորդ հոդվածըԹուրքիան անհանգստացած է Իրաքում իրավիճակի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՆեբենզյան «ցնցված է ամերիկացիների ցինիզմից»