‘Haaretz. Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը նույնն է, ինչ երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիային զենք վաճառելը ‘

1138

Իսրայելական Haaretz պարբերականն անդրադարձել է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային, անընդունելի համարելով ռազմական տեխնիկայի վաճառքը ցեղասպանություն իրականացրած երկրին:

«Զենքի վաճառքն Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է ցեղասպանություն, նույնն է, ինչ երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիային զենք վաճառելը»,- նշել է պարբերականը: Հոդվածում ընդգծվում է, որ հայատյացության ֆոնին Ադրբեջանը նպաստում է լարվածության սրմանը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչը լի է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման և հայ բնակչության ոչնչացման սպառնալիքով: «Եվ չնայած դրան, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնն այս տարվա սեպտեմբերին այդ երկրի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով մեկնեց Ադրբեջան` զենքային գործարքները քննարկելու համար»,-նշում է պարբերականը:

Այնուհետև հոդվածում նշվում է Ղարաբաղի ժողովրդի ծավալած գոյատևման պայքարի մասին: «2015 թվականին հայ ժողովուրդը նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցը, իսկ այդ իրադարձություններն Ադրբեջանի կողմից կարող են նորից կրկնվել, բայց քանի դեռ ուշ չէ, հնարավոր է խուսափել դրանից: Իսրայելը, որպես Հոլոքոստն ապրած երկիր, իր միջազգային պարտավորություններից բացի այդ ուղղությամբ ունի նաև բարոյական պաարտավորություններ: Շատ մտահոգիչ կլինի, եթե ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պարզվի, որ Ադրբեջանն անմեղ մարդկանց ոչնչացնում է իսրայելական զենքով»,-նշում է պարբերականը:

Այնուհետև հոդվածի հեղինակը պատմում է ղարաբաղյան հակամարտության պատմության մասին, նշելով, որ իր իրավունքների համար մղած պայքարում հայ ժողովուրդը կորցրեց 30 հազար մարդ: «Չնայած ուժերի անհավասարակշռությանը, հայկական ջոկատները կարողացան հաղթել հակառակորդին: Եվ արդեն 20 տարի է, ինչ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերը չեն պսակվում հաջողությամբ»,-նշում է հոդվածի հեղինակը:

Այնուհետև պարբերականը նշում է դեպի Ադրբեջան զենքի արտահանումն արգելելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մասին, քանի որ դա կարող է օգտագործվել հայ ժողովրդի դեմ: Ջեքսոն-Վենիգի նմանատիպ արգելք է գործում նաև ԱՄՆ-ում: «Եվ միայն Ռուսաստանն ու Իսրայելն են անտեսում միջազգային արգելքը, շարունակելով զենքի վաճառքն Ադրբեջանին: 2012 թվականին Իսրայելն Ադրբեջանին վաճառել է 1.6 մլրդ դոլարի զենք»,-նշում է Haaretz-ը:

Այնուհետև հոդվածի հեղինակը գրում է, որ փաստաբան Իտի Մակի հետ միասին նամակ է հղել Իսրայելի պաշտպանության նախարարությանը, խնդրելով վերանայել Ադրբեջանին իսրայելական զենք վաճառելու որոշումը` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից խուսափելու համար: «Պատասխանը, որը մենք ստացանք, հազիվ թե որևէ փոփոխության հույսեր կարող է ներշնչել այս հարցում. «Մենք մանրազնին քննարկել ենք ձեր առաջարկը. մարդու իրավունքների հարցերը հակամարտության գոտում լրջորեն կշռադատված են»:

Հավելենք, որ հեղինակը Յաիր Աուրոնն է:  

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.500 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Համաժողովրդական շարժումներ’